Արմինֆո. Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ տեղափոխված բոլոր զինծառայողների վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, որոնցից երկուսին նախատեսվում է տեղափոխել ԿԿԶՀ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ողբերգական պատահարի զոհերի հարազատներին իր խորին ցավակցությունն է հայտնել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, նշելով, որ ընթանում է ծառայական քննություն, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ։