Արմինֆո. «Նոր Սերունդե Մարդասիրական ՀԿ-ն, ելնելով ստեղծված իրավիճակից և աշխատակիցների անվտանգությունից, ժամանակավորապես դադարեցրել է իր բնականոն գործունեությունը և խնդրի վրա հրավիրել է մի շարք տեղական և միջազգային կառույցների ուշադրությունը։ Այդ մասին ասվում է կազմակերպության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
<Խտրականությունը՝ տարբեր հիմքերով, միշտ էլ նկատելի է եղել Հայաստանի Հանրապետությունում, սակայն այն, ինչ կատարվեց վերջին մի քանի ամիսներին, աննախադեպ էր իր լայնամասշտաբությամբ։ Խտրականության դրսևորման նշանակետը տվյալ դեպքում անձի սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունն էին: Թավշյա հեղափոխությունը, որը կոչվեց «սիրո և համերաշխությանե հեղափոխություն, եկավ` կոտրելու արմատացած գործելակերպն ու կարծրատիպերը, Հայաստանի Հանրապետությունը ապահով ու հավասար հնարավորություններով տարածք դարձնելու բոլորի համար։ ԼԳԲՏ համայնքը նույնպես իր ակտիվ մասնակցությունն ունեցավ հեղափոխության իրականացման մեջ։ Նոր Հայաստանի ժամանակաշրջանը եկավ, սակայն ԼԳԲՏ անձանց և նրանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և իրավապաշտպանների իրավիճակը միայն վատթարացավ>,- ասվում է հայտարարության մեջ:
Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ կազմակերպությունը դիմել է տեղական և միջազգային կազմակերպություններին ու դիվանագիտական մարմինների ներկայացուցիչներին: Կազմակերպությունը կառավարությունից, մասնավորապես, պահանջում է կյանքի կոչել ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և «Իրավահավասարության ապահովման մասինե ՀՀ օրենքի նախագծում ավելացնել սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը՝ որպես խտրականության պաշտպանված հիմքեր։
Հանդես գալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բոլոր տեսակի անօրինական և հակաժողովրդավարական քայլերը դատապարտող հայտարարությամբ։ Համապատասխան հանձնաժողովների քննարկումների առարկա դարձնել երկրում հրատապ լուծում պահանջող խնդրի՝ ԼԳԲՏ անձանց իրավական պաշտպանության և նրանց հիմնախնդիրներով զբաղվող ՔՀԿ-ների անվտանգության հարցը։ ՀՀ Դիվանագիտական մարմիններից և միջազգային կազմակերպություններից պահանջում է՝ հանդես գալ իրավիճակը դատապարտող հայտարարություններով, չեղարկել և չտրամադրել Եվրոպական երկրներ և ԱՄՆ մուտքի արտոնագրեր այն անձանց, ովքեր որևէ կերպ նպաստել կամ իրականացրել են հակաժողովրդավարական արժեքների և Մարդու իրավունքների դեմ գործողություններ, Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել՝ որպես ԼԳԲՏ համայնքի և նրանց հիմնախնդիրներով զբաղվող քաղաքացիական միավորումների համար ոչ ապահով տարածք։
ՀՀ ոստիկանությունից կազմակերպությունը պահանջում է՝ ապահովել ԼԳԲՏ անձանց և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների անվտանգությունը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ ԼԳԲՏ անձանց և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատակիցների նկատմամբ ոտնձգություն կամ դրա փորձ կատարած անձանց ՀՀ Օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար, ապահովել պատշաճ ուղեկցում և վերահսկում օրենքի պահանջներին համապատասխան կազմակերպված և անցկացվող ցանկացած հավաքի ընթացքում:
ԼԳԲՏ անձանց դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչներից նրանք պահանջում են՝ իրենց հավաքների ազատությունն իրականացնել օրենքով սահմանված կարգով, զերծ մնալ վիրավորանք, զրպարտություն, ատելություն, սպառնալիք և բռնություն պարունակող կոչերից և արտահայտություններից, չկիրառել և չհրահրել բռնության և չիրականացնել Միջազգային փաստաթղթերով և ՀՀ գործող օրենսդրությանը հակասող հակաժողովրդավարական գործողություններ։