Արմինֆո. Առաջին անգամ չէ, երբ Իրանն իսլամական կազմակերպությունների շրջանակներում <կողմ> է քվեարկում փաստաթղթերի կամ բանաձևերի, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղին, սակայն դա երբեք այդ հարցում նրա քաղաքականության վրա չի անդրադարձել, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարների կողմից Ստամբուլյան հռչակագրի ընդունումը:
Մանոյանը նշել է, որ հռչակագրում տեղ են գտել այնպիսի կետեր, ինչպես՝ հարգանքն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտության և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ, սակայն խոսք անգամ չկա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին:
<Բանն այն է, որ այսօր Իրանում հակասական իրավիճակ է ստեղծվել, և մի շարք արմատական ուժեր արդեն հանդես են գալիս քաղաքական գծի փոփոխման վերաբերյալ հայտարարություններով, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ: Եվ դա պետք է մտահոգի մեզ: Միգուցե, այսօր Ադրբեջանին սիրաշահելու փորձ է արվում, բայց դա անհեռանկարային է, քանի որ Բաքվի արտաքին քաղաքականությունը բացարձակ հակաիրանական է>,- ավելացրել է Մանոյանը՝ ընդգծելով Իրանում ներքաղաքական տարաձայնությունների վրա ուշադրությունը կենտրոնացնելու անհրաժեշտությունը:
Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի, Մևլութ Չավուշօղլուի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի VI եռակողմ հանդիպումը:
Հանդիպման արդյունքների համաձայն ընդունվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության զարգացման վրաբերյալ Ստամբուլյան հռչակագիր: Կողմերը հատկապես նշել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման հարցում ընդհանուր շահագրգռվածությունը, և հայտարարել միջազգային իրավունքի սկզբունքների առնչությամբ պարտավորությունների մասին՝ ներառյալ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության և բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման հանդեպ հարգանքը: Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվել է վերոնշյալ սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը: