Արմինֆո. Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն, որը նոյեմբերի 7-16-ը կգնահատի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի իրականացումը Հայաստանում:
«Հայաստանը խաղաղ ժողովրդավարական անցման ուղիով է ընթանում. այն հսկայական ներուժ է պարունակում մարդու իրավունքների, հատկապես խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի համապարփակ պաշտպանության և ամրապնդման ուղղությամբ , ինչպես նաև օրենքի գերակայության առումով՝ ժողովրդավարական ձեռքբերումներից և տնտեսական զարգացումից օգտվելու համար», - ասել է մարդու իրավունքների անկախ փորձագետը:
«Այս այցը հնարավորություն կընձեռի ինձ ուսումնասիրելու Հայաստանում խաղաղ հավաքների և միություններ կազմելու ազատությանն առնչվող խնդիրները՝ ներգրավված տարբեր դերակատարներից անմիջականորեն ստացված տեղեկատվության միջոցով», - ասել է Վուլեն:
Իր 10-օրյա առաքելության ընթացքում Վուլեն կայցելի Գյումրի, Վանաձոր, Վայք և Երևան, կհանդիպի կառավարության աշխատակիցների, դատական համակարգի, օրենսդիր համակարգի ներկայացուցիչների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Նա կհանդիպի նաև դիվանագիտական կորպուսի, ՄԱԿ-ի համակարգի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հատուկ զեկուցողի մամուլի ասուլիսը կկայանա նոյեմբերի 16-ին ժամը, իսկ Հայաստան այցի մասին համապարփակ զեկույց կներկայացնի 2019 թ. հունիսին Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին: