Արմինֆո. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, քանի դեռ ես գլխավոր ճարտարապետ եմ, «Հին Երևան» ծրագրում ընդգրկված ոչ մի հուշարձան չի ոչնչացվի», - նոյեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նա նշել է, որ որոշ նախագծային լուծումների վերանայման անհրաժեշտություն կա, բայց հուշարձանները պետք է պահպանվեն:
«Պատմական հուշարձանների պահպանման թեման համարենք սպառված: Ճարտարապետներին, որոնք կներկայացնեն պատմական հուշարձանների տարածքներին մոտ գտնվող նախագծեր, ներկայացվող գլխավոր պայմանը կլինի դրանց պահպանումը», - նշել է Ա. Մեսչյանը:
Ավելին, նա ընդգծել է, որ այն սեփականատերերը, ովքեր հողատարածքներ ձեռք կբերեն, որտեղ գտնվում են այդպիսի պատմական հուշարձաններ, պետք է պարտավորվեն ֆինանսավորել այդ հուշարձանների վերականգնման աշխատանքները: «Դա այն է, ինչը չի եղել, բայց այսուհետ կլինի պարտադիր», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ «Հին Երևան» նախագիծը ներառում է շուրջ 100.000 քմ տարածք Երևանի կենտրոնում`Աբովյան փողոցից մինչև Կողբացու փողոց, Արամի փողոցից մինչև Բուզանդի փողոց: Նախագծի համաձայն, նախատեսվում է վերականգնել հայկական մայրաքաղաքի XIX - XX դարերի ճարտարապետական տեսքը: Ենթադրվում էր, որ «Հին Երևան» նախագիծը, որն արժե 150 միլիոն դոլար, պետք է ավարտվեր 2010-2011 թվականներին: Սակայն, կառավարությունը «Multicontinental distribution»-ի հետ պայմանագիր է կնքել միայն 2014 թվականին, որոշ խնդիրների պատճառով: Շինարարական աշխատանքներն սկսվել են միայն 2017 թվականին: