Արմինֆո.Իրանի նկատմամբ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները կազդեն Հայաստանի տնտեսության վրա: Նոյեմբերի 6-ին մամուլի ասուլիսում նման տեսակետ է հայտնել ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Նա հիշեցրել է, որ ի տարբերություն 2015 թվականի, նախօրեին ԱՄՆ միակողմանի կարգով պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ, ընդ որում, միակողմանիորեն դուրս գալով 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագրից: Փորձագետը փաստել է, որ իրավիճակն արմատապես տարբերվում է 2015 թվին տեղի ունեցածից, քանի որ Իրանն այսօր շարունակում է շփումները Եվրամիության եւ համաձայնագրի մյուս երկրների հետ: «Այս հարցում, կարող ենք ասել, որ Եվրամիությունը դեմ է իր դաշնակից ԱՄՆ-ին եւ շարունակում է փոխգործակցությունն Իրանի հետ, ջանքեր գործադրելով, ներառյալ `պատժամիջոցների ազդեցությունը մեղմելու համար: Այս իրավիճակում Հայաստանը կարող է որդեգրել Իրանի հարցում եվրոպական դիրքորոշումը պաշտպանելու գիծ և, որպես եվրոպական երկիր, վարել Եվրամիությանը համահունչ քաղաքականություն», - նշել է փորձագետը:
Միեւնույն ժամանակ, խոսելով Հայաստանի համար այդ պատժամիջոցների ռիսկի մասին, Ոսկանյանը նշել է, որ դրանք կազդեն Հայաստանի տնտեսության վրա, սակայն երկիրը կարող է փորձել ինչ-որ կերպ խուսավարել: Սակայն, նրա խոսքերով, հազիվ թե պետք է որևէ նահանջ ակնկալել հայ-իրանական հարաբերությունների քաղաքական բաղադրիչում: «Եթե նման բան, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա դա կլինի կոպիտ սխալ», - հայտարարել է իրանագետը:
Անդրադառնալով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ցանկացած պահի Իրանի եւ Վրաստանի հետ սահմանները կարող են փակվել, Ոսկանյանը համոզմունք է հայտնել, որ նման հայտարարությունները կարող են մոլորության մեջ գցել, ուստի չարժե ուշադրություն սևեռել այդ համատեքստին: «Այդ հայտարարությունը որոշ թյուրըմբռնում է հարուցել իրանական կողմում, ինչը նաեւ պայմանավորված է նրանով, որ այսօր իրանական հասարակությունը չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում եւ պարզաբանումների կարիք ունի: Եվ դա պետք է արվի մեր կողմից տարբեր խողովակներով եւ հասցվի Իրանի հասարակության տարբեր շերտերին՚, – եզրափակել է փորձագետը:
Նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտան Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները, որոնք կընդգրկեն նավթի արտահանումը: Վաշինգտոնը նախկինում հայտարարել էր, որ նպատակ ունի զրոյի հասցնել Իրանից նավթի արտահանումը և դրա գնորդներին կոչ է արել հրաժարվել գնումներից: