Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակի մասին:
Աղդամի շրջանի հասարակայնության ներկայացուցիչների և արվեստի գործիչների հետ հանդիպման ընթացքում Ալիևը հերթական անգամ հավաստիացրել է, որ Ադրբեջանը ռազմական տեսակետից մտնում է ուժեղ պետությունների թվի մեջ՝ ոչ միայն Հայաստանի համեմատ, այլ նաև համաշխարհային մասշտաբով: Նա ընդգծել է ռազմական հզորությունն էլ ավելի մեծացնելու մտադրության մասին՝ համոզմունք հայտնելով, որ դա կարևորագույն գործոններից մեկն է բանակցությունների համար: <Քանի որ, ցավոք, միջազգային իրավունքի նորմերը լիովին անտեսվում են: Մենք պահանջում ենք արդարությունը: Պահանջում ենք, որ մեր պատմական հողերն ազատվեն օկուպանտներից, և դրանք կազատվեն: Հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարությունը, ճիշտ վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, դուրս կբերի իր օկուպացիոն ուժերը>,- հայտարարել է Ալիևը:
Միաժամանակ նա փորձել է բարձրացնել իր հասարակության բարոյահոգեբանական ոգին՝ գովաբանելով 2016 թ. ապրիլի իրադարձությունները, երբ Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Արցախի նկատմամբ: <Ապրիլյան մարտերը մեր մեծ հաղթանակն են: Դա վկայում է այն մասին, որ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի հաշտվելու օկուպացիայի հետ: Հայաստանի կրած ծանր ռազմական պարտությունն ավերեց վերջինիս՝ առանց այն էլ անկայուն հիմքերը: Դրա վառ օրինակն են այս տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները>,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:
Ըստ որում, նա հավաստիացրել է, որ հենց 2016 թ. ապրիլին <Հայաստանի ռեժիմին> հուժկու հարված հասցվեց: <Այս տարի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նշանակում են նրանց վարած օկուպացիոն քաղաքականության լիովին ձախողում: Այդ իրադարձությունները նաև վկայում են, որ մեր վարած քաղաքականությունը արդյունք է տալիս: Ես բազմիցս ասել եմ և հիմա էլ ասում եմ, որ մենք շարունակելու ենք Հայաստանին մեկուսացնել բոլոր տարածաշրջանային նախագծերից, օգտագործելով բոլոր միջոցները՝ վերականգնելու ենք մեր երկրի տարածքային ամբողջականությունըե>,- հերթական անգամ փորձել է իր ժողովրդին համոզել Ալիևը: