


Արմինֆո.<Լուսավոր Հայաստան> կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ, այլ ոչ թե՝ դաշինքի ձևաչափով: Այդ մասին նոյեմբերի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է <Լուսավոր Հայաստան> կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշել է, որ <Քաղաքացիական պայմանագիր> և <Հանրապետություն> կուսակցությունների հետ <Լուսավոր Հայաստանի> համագործակցության հնարավորությունը սպառված չէ: Ինչ վերաբերում է <Ելք> դաշինքին, Մարուքյանի խոսքով, այն կատարել է իր առաքելությունը, և հիմա կուսակցությունները որոշել են ստուգել, թե ինչ կարող են անել առանձին-առանձին: <<Հանրապետություն> կուսակցության հետ մեր համագործակցությունն ավարտված չէ, քաղաքապետարանում մենք համագործակցում ենք <Լույս> դաշինքի ձևաչափով և կշարունակենք մեր համագործակցությունը>,- նշել է Մարուքյանը:
Ինչ վերաբերում է կուսակցության շանսերին և այն բանին, որ այդ կուսակցությունները դաշինքով ավելի շատ հնարավորություններ կունենային Ազգային ժողովում հայտնվելու համար, <Լուսավոր Հայաստան> կուսակցության ղեկավարը նշել է. <Մենք այդ հարցին չենք նայել անցողիկ շեմը հաղթահարելու տեսանկյունից: Մենք որոշել ենք այ քայլին գնալ՝ ընտրական իմաստով մոբիլ լինելու համար: Կարծում եմ, որ <Ելք> դաշինքի մեջ մտնող բոլոր երեք քաղաքական ուժերը խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն>,- ընդգծել է Մարուքյանը: Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչ արդյունք է ընտրություններից ակնկալում <Լուսավոր Հայաստան> կուսակցության ղեկավարը, վերջինս նշել է, որ ակնկալում է երկրորդ քաղաքական ուժը դառնալ Ազգային ժողովում:
Այն հարցին, թե արդյոք կուսակցության ցուցակում կներառվեն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ կամ մարդիկ, ովքեր աջակցել են ՀՀԿ-ին, <Լուսավոր Հայաստանի> ղեկավարը հայտարարել է, որ կուսակցության ներկայացուցիչները մտադիր չեն իրենց ցուցակում ներառել մարդկանց, ովքեր կարող են ստվեր նետել կուսակցության վրա՝ նույնիսկ չնայած այն բանին, թե որքան ձայն կարող են նրանք բերել:



