Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ում արձագանքել են մաֆիայի հետ Գերմանիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության կապի վերաբերյալ ԶԼՄ հրապարակմանը: «ԱԳՆ կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված պնդումների արժանահավատությունը ճշտելու համար:
Հաշվի առնելով հարցի նրբությունը և հավանական ազդեցությունը մեր դիվանագիտական ներկայացուցչության բնականոն աշխատանքի վրա՝ ներկայումս նպատակահարմար չենք գտնում լրացուցիչ մեկնաբանություն տալը: Հավելյալ տեղեկություն կհայտնենք ըստ արդյունքների՚, - ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ dw.com-ը Der Spiegel-ի վրա հղումով հրապարակել էլ հոդված, որում խոսք էր գնում « Գերմանիայում կովկասյան տարածաշրջանից հանցագործների հզոր ցանցի՚ և այն մասին, որ «երեք տարի շարունակ քննիչները գաղտնի գործողության շրջանակում փորձել են ձերբակալել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին՚: Fight against thieves in law՝ «Օրենքով գողերի» դեմ պայքար» ծածկանվամբ գաղտնի գործողությունը դարձել է Գերմանիայում կազմակերպված հանցավորությանը նվիրված ամենամեծ հետաքննություններից մեկը: Հանցավորության թեման անդրադարձել է նաև դիվանագիտական հարաբերությունների վրա: Der Spiegel-ի տեղեկության համաձայն՝ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը գերմանացի քննիչներին իր օգնությունն է առաջարկել հայկական մաֆիայի դեմ պայքարում, սակայն քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունը խորհուրդ է տվել չհամաձայնել այդ համագործակցությանը, ընդգծելով, որ քննիչները չեն բացառում «օրենքով գողերի» կապերը ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ: