Արմինֆո.Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկում են գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը, սակայն վերջնական որոշում կկայացվի նոյեմբերի 8-ին Աստանայում, որտեղ կազմակերպության անդամ անդամ երկրների ղեկավարները կհավաքվեն ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստին:
Այդ մասին գրել է ռուսական «Կոմերսանտ» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները: Ընդ որում թերթը նշում է, որ այդ նշանակմանն առնչվող ինտրիգն այն է, որ այդ պաշտոնին հավակվում է Հայաստանը` որի շնորհիվ պաշտոնը թափուր է մնացել: Կազմակերպության անդամ երեք երկրներում թերթի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ հավանականության մեծ տոկոսով նոր գլխավոր քարտուղարն առաջիկա երեք տարիներին կլինի Բելառուսի ներկայացուցիչը: Աղբյուրներից մեկը պատմել է, որ սկզբում քննարկվել է մի տարբերակ, ըստ որի՝ այդ պաշտոնում կարող է նշանակվել գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Յուրի Սեմերիկովը` մեկուկես տարով, այսինքն` այնքան ժամկետով, որը որ մնում է Հայաստանի ներկայացուցչին: Սակայն, ըստ աղբյուրի, ի վերջո որոշում է կայացվել նշանակել քարտուղարության լիարժեք ղեկավար: Ընդ որում, այդ որոշումը կայացնելիս առաջնորդվել են ռոտացիայի սկզբունքով. Հայաստանից հետո, ըստ այբբենական կարգի, գալիս է Բելառուսը: Ըստ թերթի իրազեկ աղբյուրների՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առավել հավանական թեկնածուն Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասն է: 54-ամյա գեներալ-մայորը 2015թ. նոյեմբերի 4-ից գլխավորում է Բելառուսի անվտանգության խորհուրդը և լավ ծանոթ է ՀԱՊԿ:
Ուշագրավ է, որ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 2-ին լրագրողներին հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է ճկունություն դրսևորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում: Նա նշել էր, որ, եթե առաջարկվի այլ թեկնածու, ապա Հայաստանը կուսումնասիրի այդ պաշտոնում նրա արդյունավետության հարցը: