


Արմինֆո. Իրավիճակը Ղարաբաղում զորքերի շփման գծում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի սահմանին քիչ թե շատ կայունացել է: Այդ մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
<Այսօր ավարտին է մոտենում մեր այցը, մենք եղանք Երևանում, Լեռնային Ղարաբաղում, այժմ Բաքվում ենք: Հանդիպում ունեցանք Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի, Ադրբեջանի նախագահի հետ, երկու երկրների պաշտպանության նախարարների հետ: Շուտով հանդիպում ունենք Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Ուշադրության կենտրոնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցերը: Մասնավորապես՝ քննարկել ենք Դուշանբեում երկու երկրների ղեկավարների միջև պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել և այժմ իրականացվում են: Ես նկատի ունեմ շփման գծում, սահմանին իրավիճակը, որը քիչ թե շատ կայունացել է, խոսել ենք օպերատիվ կապի մասին, որը հաստատվել է Երևանի և Բաքվի միջև>,- ասել է Պոպովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերին Միլանում կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Նշենք, որ դեկտեմբերին Միլանում նախատեսված է ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ը հայտնել էր, որ մինչև տարեվերջ բացառված չէ Մնացականյան-Մամեդյարով ևս մեկ հանդիպում:



