Արմինֆո. Համաձայն ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների տարածվածությանը վերաբերող (STEPS) հետազոտության (2016-2017թթ.), տվյալ պահին Հայաստանում չափահաս տղամարդկանց 51,5%-ը ծխում է, ինչը Հայաստանը դարձնում է եվրոպական տարածաշրջանում տղամարդկանց շրջանում ծխողների ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներից մեկը: Կանանց մասին տվյալները այդքան անհանգստացնող չեն` Հայաստանում ծխում է կանանց 1,8% -ը:
Գիտակցելով, որ ծխախոտի օգտագործումը մահվան և հիվանդությունների առավել կանխարգելելի պատճառ է, որը կարելի է հաջողությամբ հաղթահարել ծխախոտի դեմ պայքարի համապարփակ և ապացուցողական քաղաքականության օգնությամբ՝ Հայաստանի կառավարությունը որոշել է միջոցներ ձեռնարկել ծխողների թիվը կրճատելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (ԱՆ) ծխախոտի դեմ պայքարի ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր է մշակել 2017-2020 ժամանակահատվածի համար: 2018թ. ՀՀ առողջապահության նախարարությունը սկսել է ծխախոտի դեմ պայքարի մասին նոր ազգային օրենքի մշակումը: Ծխախոտի դեմ պայքարի մասին նոր օրենքը կխստացվի՝ հատուկ շեշտ դնելով հասարակական վայրերում ծխելու վերահսկման վրա և խստացնելով օրենքի կիրառման մեխանիզմները: Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության խստացումը կօգնի պաշտպանել բնակչությանը առողջության համար ծխելու վնասակար ազդեցությունից և կանխել ծխախոտի օգտագործման հետևանքով վաղաժամ մահերը:
Ինչպես նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակից ԱրմԻնֆո-ին տրամադրված մամուլի հաղորդագրությունում, 2018թ. հոկտեմբերի 30-31-ին ԱՀԿ-ը Հայաստանում անցկացնելու է տարածաշրջանային աշխատաժողով երեք երկրներից ծխելու դադարեցման մասին դասընթացներ վարողների համար (Հայաստան, Վրաստան և Ուկրաինա): Սեմինարն անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ծխախոտի դեմ պայքարի առաքելության շրջանակներում, որի նպատակն է նպաստել ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի ընդունմանը և ԱՀԿ-ի՝ ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի (ԱՀԿ ԾՊՇԿ) 14-րդ հոդվածի իրականացմանը, ինչպես նաև աջակցել ծխելու դադարեցման մասին դասընթացները վարողների համար ԱՀԿ-ի տարածաշրջանային աշխատաժողովի նախապատրաստմանը: ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում գրանցվել է ծխախոտի օգտագործման հետ կապված մահվան ամենաբարձր ցուցանիշներից մեկը: ԱՀԿ-ի գնահատմամբ ծխախոտի օգտագործումը ներկայումս պատասխանատու է տարածաշրջանում 30 տարեկանից բարձր մեծահասակների շրջանում բոլոր մահացությունների 16%-ի համար, ընդ որում շատ դեպքերում մահը վաղաժամ է:
Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը նշել է. «Մենք պետք է ներգրավենք առողջապահության ոլորտի աշխատողներին ծխախոտի դեմ պայքարի գործում, և այստեղ առաջնահերթ նշանակություն ունի առաջնային առողջապահական համակարգերի ամրապնդման ուղղությամբ երկրների կարողությունների զարգացումը, որպեսզի կարճաժամկետ հակածխախոտային միջոցառումները հասանելի դառնան առաջնային առողջապահական ծառայությունների միջոցով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առողջապահության մասնագետի նույնիսկ կարճ խորհրդատվությունը կարող է բարձրացնել ծխախոտից հրաժարվելու դեպքերի ցուցանիշը մինչև 30%:
«ԱՀԿ-ի՝ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայում առաջարկվում են ծխախոտի օգտագործման նվազեցմանն ուղղված հետևյալ միջոցառումները.
• արգելել ծխելը բոլոր փակ հասարակական վայրերում,
• ծխելը դադարեցնելու օգնության ծառայություններ մատուցել, որոնք հիմնված են ապացույցների վրա,
• ծխախոտի փաթեթավորման վրա ազդեցիկ և խոշոր պատկեր-զգուշացում տեղադրել,
• արգելել բոլոր տեսակի գովազդները, խթանումը և հովանավորչությունը, ինչպես նաև
• բարձրացնել ծխախոտի գինը՝ բարձր հարկերի միջոցով:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումների, Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային համապատասխան (ԾՊՇԿ) խիստ քաղաքականության իրականացումը տնտեսապես շահավետ կլինի և դրական ազդեցություն կունենա ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների բնակչության առողջության բարելավման վրա՚, - ասվում է հաղորդագրությունում: