


Արմինֆո. Բելառուսն այսօր կայունության և կանխատեսելիության օրինակ է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով Բելառուսի նախագահին ապրիլյան իրադարձությունների ժամանակ Հայաստանին աջակցության համար, երբ երկրում իշխանափոխություն տեղի ունեցավ:
<Ես և՛ որպես նախագահ, և՛ որպես մարդ երբեք չեմ մոռանա այն ուշադրությունը, որը ստացել եմ Ձեզնից: Ձեր զանգերը պարզապես դիվանագիտական կամ քաղաքական զանգեր չէին, դրանք զանգեր էին ընկերոջից, ում ոչ թե միայն հետաքրքրի է, այլ ում համար և՛ ցավալի է, և՛ ուրախալի, մարդ, ընկեր, ով ցանկանում է իմանալ և օգնել: Այդ օրերին դա մեծագույն աջակցություն էր ինձ համար, երբ մենք երկրում ապրում էինք մեծագույն փոփոխություններ:
Հարցին մակերեսորեն անդրադառնալու պարագայում, թվում էր, թե ամեն բան լավ էր՝ առանց դրամայի, փա՛ռք Աստծո, առանց մարդկային զոհերի, սակայն ամեն դեպքում հեշտ չէր: Եվ ես շատ բարձր եմ գնահատում Ձեր աջակցությունն ու ցանկանում եմ, որ Դուք այդ մասին իմանաք, ուստի ուզում եմ անձամբ Ձեզ շնորհակալություն հայտնել:
Այո, ես ժամանել եմ այստեղ՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Շատ հաճելի է լինել Մինսկում, որն առանձնահատուկ քաղաք է: Կարծում եմ, որ Բելառուսն այսօր կայունության և կանխատեսելիության օրինակ է: Այս նոր աշխարհում, որում մենք ապրում ենք, շատ հազվադեպ կարելի է հանդիպել նման որակներ: Աշխարհը միայն տարածաշրջանները չեն, աշխարհը դարձել է անկանխատեսելի, աշխարհը դարձել է անկայուն, և այն պետությունները, որոնք իրականում ունեն այս երկու որակները, բարձր գնահատանքի են արժանանում իմ, Բելառուսի իմ ընկերների, և առհասարակ համաշխարհային հասարակության կողմից:
Պատահական չէ, որ հերթական նման համաժողովը՝ Մյունխենյան համաժողովը, որը աշխարհի ամենահեղինակավոր համաժողովներից մեկն է, տեղի է ունենում այստեղ՝ Մինսկում>,- ասել է Արմեն Սարգսյանը:



