


Արմինֆո.Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի, Էլմար Մամեդյարովի և Դավիթ Զալկալիանիի Ստամբուլում կայացած հանդիպումն ավարտվել է Ստամբուլյան հռչակագրի ընդունմամբ:
Ինչպես հաղորդում է Report թուրքական բյուրոն, բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսում Չավուշօղլուն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Անկարան անհրաժեշտ է համարում Ադրբեջանի և Վրաստանի «տարածքային ամբողջականության՚ ապահովումը, և այդ հարցը միշտ Թուրքիայի օրակարգում է:
Մամեդյարովն, իր հերթին, Թուրքիային երախտագիտություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու «Ադրբեջանի տարածքային ամբողջականության՚ ապահովմանն ուղղված ջանքերի համար:
Աղբյուրի համաձայն, Ստամբուլյան հռչակագրում ընդգծվում է Անկարայի, Բաքվի և Թբիլիսիի հավատարմությունը համագործակցության ընդլայնմանը, կարևորվում է պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցությունը: Արտգործնախարարները շահագրգռվածություն են հայտնել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայմամբ և ողջունել են 2018 թվականի մարտի 31-ին Վրաստանում պաշտպանության նախարարների ստորագրած փոխըմբռնման հուշագիրը: Միևնույն ժամանակ, երեք պետությունների արտգործնախարարները գոհունակություն են հայտնել համագործակցության երկկողմ և եռակողմ ձևաչափերի մակարդակի առնչությամբ և հաստատել հավատարմությունը փոխգործակցության ամրապնդմանը, որը հիմնված է ռազմավարական գործընկերության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա:



