Արմինֆո. Իշխանության ոչ մի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի հետ հանդիպումից հետո ուղիղ եթերից չի բացահայտել հանդիպման մանրամասները:
Այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` այսօր լրագրողների հետ զրույցում : Նրա ասելով, ինքը ցանկացած հանդիպման ժամանակ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին խոսում է:
«Ի տարբերություն նախորդ իշխանությունների, շատ արագ մեզ հաջողվել է կոնկրետ քայլեր անել, կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, այդ թվում զինադադարի շատ թե քիչ պահպանման ուղղությամբ՚, - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե այդպիսի պայմանավորվածությունները կարելի է համարել ստվերային, Նիկոլ Փաշինյանը նշել է, թե դժվար է հիշել մի դեպք, երբ Հայաստանի որեւէ ղեկավար հանդիպել է Ադրբեջանի որեւէ ղեկավարի հետ, հետո ուղիղ եթերից ասել է, թե ինչ են պայմանավորվել:
«Կարո՞ղ եք ասել, թե ինչ ստվերային պայմանավորվածության մասին է խոսքը: Դուք կարո՞ղ եք բացատրել, թե ինչ մոտիվացիա կա Ղարաբաղի հարցում որեւէ բան թաքցնելու` եթե այդտեղ կոռուպցիոն գործարք չկա, դավադրություն չկա, դավաճանություն չկա՚, - հարց է տվել վարչապետի պաշտոնակատարը, հավելելով, թե ինքն ասել է, որ ուղիղ կոմունիկացիա պետք է լինի, եւ երբ այն հաստատվել է, ինքն այդ մասին տեղեկացրել է: