


Արմինֆո.Ազգային ժողովում հարգանքի տուրք են մատուցել 1999 թվի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավորները ծաղիկներ են դրել խորհրդարանի բակում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողություն իրականացվեց ԱԺ հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, 8 մարդ վիրավորվեց, իսկ 91-ը՝ գերեվարվեց։ Գերեվարվել էին նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս թողեցին։ Վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս թողեցին։ Գերի մնացած անձինք ազատ արձակվեցին հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։ Ահաբեկչական խմբավորման կազմում էին նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանն ու Էդուարդ Գրիգորյանը: Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: Ոչ նախաքննության, ոչ դատավարության արդյունքում վերջնական պատասխան չտրվեց այն հարցին, թե արդյոք ահաբեկիչները գործել են ինքնուրույն, թե նրանց հետևում ինչ-որ մեկը կանգնած է եղել: 2003 թվականի դեկտեմբերի 2-ին Կենտրոն-Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ 6 ահաբեկիչներ` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:



