Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներմուծման արգելքի հետ առնչվող գերատեսչությունների պատասխանատուների, «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչների միջև։
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, քննարկմանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի և Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ։
Քննարկվեցին ստեղծված իրավիճակը կարգավորելու հնարավոր ելքեր։ Որպես խնդրի լուծման տարբերակներ առաջարկվեցին՝
1. որպես ներքին սպառման ապրանքներ դրանք ներմուծելու և ապա վերամշակելու, այսինքն՝ ղեկային տեղաբաշխումը փոխելու հնարավորությունը,
2. տրանզիտ (տարանցիկ) պետհամարանիշներով ներկրել և վաճառել երրորդ երկիր,
3. ներմուծել որպես պահեստամաս:
Առաջարկների շուրջ ծավալված մտքերի փոխանակությունից հետո «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչները նորից պնդեցին իրենց ցանկությունը՝ վերանայել օրենքը և օրենսդրական փոփոխությամբ թույլատրել մինչև 2020 թվականը աջ ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներմուծումը Հայաստան։
Քննարկմանը ներկա գերատեսչությունների պատասխանատուների կողմից՝ ի հակակշիռ ասվածի, կրկին բերվեցին բազմաթիվ փաստարկներ։
Երկու ժամից ավելի տևած քննարկման ավարտին նախաձեռնության ներկայացուցիչներին առաջարկվեց խնդրի լուծման հնարավոր տարբերակներն ուսումնասիրելուց հետո ներկայացնել առաջարկություներ։
Լրագրողների հետ զրույցում նախօրեին նախարար Հակոբ Արշակյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանում երթևեկությունը նախատեսված է ձախակողմյա ղեկով մեքենաների համար: Այս համատեքստում, նրա խոսքերով, «աջակողմյանները» կարող են հանգեցնել հաճախակի վթարների: Միևնույն ժամանակ, նախարարը դեմ է աջակողմյան ղեկային տեղաբաշխումը ձախակողմյանով փոխարինելու գաղափարին, քանի որ չկան վերահսկման մեխանիզմներ, թե ինչպես դա կկատարվի, մասնավոր վարպետի, թե լիցենզավորված կազմակերպության կողմից, որը պատասխանատու կլինի հնարավոր բացասական հետևանքների համար:
Նշենք, որ փորձագետները խորամանկություն են համարում, որ աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը կապված է ճանապարհների անվտանգությունն ապահովելու հետ: ՀՀ Ճանապարհային ոստիկանության տվյալներով, 2017 թվականին Հայաստանում գրանցվել է 2553 վթար, որից 253-ը տեղի է ունեցել աջակողմյան տրանսպորտային միջոցների մասնակցությամբ, ինչը կազմում է ճանապարհային խախտումների ընդհանուր թվի միայն 10%-ը: