Արմինֆո.Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ-ին իր անդամակցությունից բխող ողջ գործիքակազմը կիրառել, եթե Ադրբեջանի անդամակցության հարցը մտնի օրակարգ, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հոկտեմբերի 23-ին ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ ԵԱՏՄ դռները բաց են հետխորհրդային բոլոր երկրների համար: Նա նաև համոզմունք է հայտնել, որ եթե ԵԱՏՄ-ն ընդգրկեր հետխորհրդային բոլոր պետությունները, հակամարտությունները շատ ավելի քիչ կլինեին:
ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Գլազևի խոսքերն արդեն մեկնաբանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան՝ նշելով, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը օրակարգում չէ: Բացի այդ, ԵԱՏՄ հիմնարար փաստաթղթերում հստակորեն նշված է, որ անդամ կարող է դառնալ այն պետությունը, որը որևէ գործողություն չի արել ի վնաս կառույցի և անդամ պետություններից որևէ մեկի, նշել է Նաղդալյանը: