Արմինֆո.Գործատուն չի կարող աշխատակիցներին հեռացնել առանց հարգելի պատճառի: Հոկտեմբերի 24-ին ԱԺ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել են Աշխատանքային օրենսգրքի համապատասխան փոփոխությունները:
Փաստաթղթի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն օրինագիծը ներկայացնելիս նշել էր, որ գործող Աշխատանքային օրենսգրքի համաձայն, գործատուն չի կարող աշխատանքից հեռացնել արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող աշխատակցին, սակայն նա լիովին կարող է այդ անել աշխատակցի վերադարձից հետո: Ելնելով դրանից` Պետրոսյանն առաջարկել էր աշխատող քաղաքացիներին զերծ պահել այդ սպառնալիքից և գործատուների կամայական վերաբերմունքից: Միևնույն ժամանակ, փաստաթղթով թույլատրվում է իր պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորող աշխատակիցների աշխատանքից ազատումը: Այդ առնչությամբ փաստաթղթում կատարվել է փոփոխություն, որի համաձայն, երկու բացատրագրի փոխարեն, որոնք պարտավոր է ներկայացնել «անպատասխանատու՚ աշխատակիցը, սահմանվում է, որ անհարգելի պատճառով աշխատանքից ազատել չի կարելի: