Արմինֆո. Ռուսաստանին պետք չեն հակամարտություններ: Այդ մասին հոկտեմբերի 23-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը՝ անդրադառնալով կարծիքին, որ Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, և այդ պատճառով սպառազինություն է վաճառում Ադրբեջանին:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում պարզ է. հետխորհրդային տարածքում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, խորհրդակցությունների և փոխզիջումների միջոցով: <Մենք շահագրգռված ենք, որ ոչ մի հակամարտություն չլինի: Մեզ անհրաժեշտ է կայուն զարգացում>,- նշել է նա:
Միաժամանակ Գլազևը համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլորի համար: Ըստ նրա, եթե ԵԱՏՄ-ն ընդգրկեր հետխորհրդային բոլոր պետությունները, հակամարտությունները շատ ավելի քիչ կլինեին:
<Ռուսաստանի հայերի միության> նախագահ Արա Աբրահամյանն իր հերթին նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունն այն դեպքն է, երբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումները համընկնում են, և բոկոր շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության հաստատմմաբ: <Ռուսաստանը բացարձակ շահագրգռված չէ իր սահմանների մոտ հակամարտության բորբոքմամբ>,- ասել է Աբրահամյանը: