Արմինֆո. ՀՀԿ-ն մեղավոր չէ Ընտրական օրենսգրքի բարեփոխման տապալման համար, 69 պատգամավոր հայտարարել էր փաստաթուղթը պաշտպանելու մասին, կարող էին գալ և քվեարկել: ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը, պատասխանելով այն մեղադրանքին, որ ՀՀԿ-ն տապալել է փաստաթղթի ընդունումը` չներկայանալով քվեարկության:
ԱԺ խոսնակը տարակուսանք է հայտնել ՀՀԿ նկատմամբ դժգոհության առնչությամբ, որն ի սկզբանե բացասական վերաբերմունք էր հայտնել փաստաթղթի վերաբերյալ և հավատարիմ մնացել դրան: Բաբլոյանի համոզմամբ, փաստաթուղթը պաշտպանած 69 պատգամավորների ձայները բավական էր նախագծի ընդունման համար, եթե նրանք ներկայանային նիստի և «կողմ՚ քվեարկեին փաստաթղթին: «Իսկ ՀՀԿ-ն, ինչպես և ցանկացած քաղաքական ուժ, ազատ է ունենալու սեփական դիրքորոշում ցանկացած հարցի նկատմամբ, որը կարող է չհամընկնել մեծամասնության կարծիքին՚, - հայտարարել է Բաբլոյանը:
«Ծառուկյան՚ դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, իր հերթին, հայտարարել է, թե «Ծառուկյան՚ և «Ելք՚ դաշինքները ստորագրայավաք են նախաձենել հոկտեմբերի 29-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար, որի օրակարգում կրկին կլինի ԸՕ բարեփոխման նախագիծը: Նա ՀՀԿ-ին կոչ է արել այս անգամ պաշտպանել փաստաթուղթը, քանի որ այն շատ ավելի ժողովրդավարական է ներկայի Ընտրական օրենսգրքից: Ընդ որում, նա հավաստիացրել է, որ բոլոր այն պատգամավորները, որոնք պաշտպանել են նախագիծը, սակայն այս կամ այն պատճառով երեկվա նիստին չեն ներկայացել, ինչի արդյունքում փաստաթուղթը մերժվել է, հոկտեմբերի 29-ին պարտադիր կգան քվեարկության:
Նույն դաշինքի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ավելի հեռուն է գնացել, կոչ անելով փաստաթղթի շուրջ քվեարկության ժամանակ դարձյալ ժողովրդին հավաքել ԱԺ շենքի մոտ` այն պատգամավորների նկատմամբ ճնշում գործադրելու համար, որոնք չեն ցանկանում քվեարկել փաստաթղթի օգտին:
Հավելենք, որ նախօրեին ՀՀԿ-ն հայտարարել է, որ դեմ է ԸՕ բարեփոխման նախագծին, քանի որ այն հապճեպ է մշակվել և դրվել քվեարկության, չի անցել Վենետիկյան հանձնախմբի փորձաքննություն, դրանում չեն ներառվել պատգամավորների առաջարկությունները, և փաստաթղթի շուրջ փոխհամաձայնություն ձեռք չի բերվել:
Մինչդեռ 69 պատգամավորներ նախապես հայտարարել էին, որ պատրաստ են պաշտպանել նախագիծը, սակայն, ինչպես նշել է Արա Բաբլոյանը, փաստաթղթի շուրջ քննարկման ժամանակ դահլիճում ընդամենը 50 մարդ կար: «Մենք ստիպված էին, նույնիսկ, 20 րոպե ընդմիջում հայտարարել մինչև քվեարկությունը, որպեսզի պատգամավորները հասցնեին գալ նիստերի դահլիճ: Մենք ստեղծել էին բոլոր պայմանները, որպեսզի փաստաթուղթն ընդունվի, թող գային և քվեարկեին: Մինչդեռ քվեարկության պահին նիստերի դահլիճում կար ընդամենը 59 մարդ, որոնցից 56-ը «կողմ՚ է քվեարկել, և փաստաթուղթը չի անցել՚, - բացատրել է Բաբլոյանը:
Այդուհանդերձ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից անմիջապես հետո հանդես է եկել տեսաուղերձով և ՀՀԿ-ին մեղադրել է սաբոտաժի և փաստաթղթի տապալման համար: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ դեկտեմբերյան ընտրությունները կկայանան` նոր թե հին ԸՕ-ով: