Արմինֆո.Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայկ Մարությանը մեծապես կարևորել է Բեյրութի հետ ունեցած Երևանի գործընկերային և բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև բարձր է գնահատել հայազգի քաղաքական և հասարակական գործչի անձնական ավանդն այդ գործում: Անդրադառնալով երկու քաղաքների միջև հաստատված համագործակցությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանն իր պատրաստակամությունն է հայտնել այն էլ ավելի զարգացնելու և նոր մակարդակի վրա դնելու հարցում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արամ Մալյանը Բեյրութի քաղաքապետի շնորհավորանքն ու ջերմ ողջույններն է փոխանցել Հայկ Մարությանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և վստահեցրել, որ իր լիազորությունների շրջանակում կշարունակի անել հնարավորը, որպեսզի Երևանի և Բեյրութի միջև փոխգործակցությունն ընդգրկի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ ու լինի առարկայական: Արամ Մալյանն ընդգծել է, որ Երևանն ու Բեյրութը համատեղ ծրագրերի իրականացման համար իսկապես մեծ ներուժ ունեն:
Երևանի քաղաքապետը հանդիպել է նաև Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար՝ Հայկ Մարությանը բարձր է գնահատել Երևանի և Մարսելի միջև հաստատված 26-ամյա համագործակցությունն ու համոզմունք հայտնել, որ գալիք տարիներին համատեղ ուժերով երկու քաղաքները նորանոր ծրագրեր կյանքի կկոչեն: «Երևանն ու Մարսելը համագործակցության լայն հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման առումով: Վստահ եմ, որ գալիք տարիներին ևս համատեղ ուժերով կշարունակենք կյանքի կոչել նոր ծրագրեր՝ ի շահ Երևանի ու Մարսելի բնակիչների»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանն ու կարևորել հայազգի փոխքաղաքապետի անձնական ներդրումը երկու քաղաքների փոխշահավետ համագործակցության հարցում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Հայկ Մարությանին` Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ, Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանն իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի անել հնարավորը՝ երկու քաղաքների համագործակցությունն առավել ամրապնդելու և խորացնելու համար:
Կողմերն անդրադարձել են նաև Երևան-Մարսել համագործակցության համաձայնագրով իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև նախանշել անելիքները:
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է նաև Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինային: «Ես տեղյակ եմ, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև հաստատված համագործակցության շրջանակում այս տարիների ընթացքում իրականացվել են բազում ծրագրեր քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով: Առանձնակի կարևորում եմ նաև առողջապահական ոլորտում առարկայական համագործակցությունը՝ մասնավորապես պոլիկլինիկաների արդիականացման ուղղությամբ փորձի փոխանակման ծրագրերի իրականացման: Համոզված եղեք, որ ես ևս պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ բարեկամական ու գործնական այդ կապերի առավել ամրապնդման ու զարգացման գործում»,- նշել է Հայկ Մարությանն ու փոխնահանգապետին խնդրել իր շնորհակալությունը փոխանցել Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովին՝ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ իրեն հղած շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան նախ շնորհավորել է Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել նրան գործնական հաջողություններ՝ ստանձնած կարևոր առաքելության մեջ: Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետն ընդգծել է, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժն ակնհայտորեն զարգացման և ընդլայնման լայն հնարավորություններ ունի: «Պարոն քաղաքապետ, Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը միշտ մեծ սիրով է մասնակցում Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Համոզված եմ, որ այս տարի ևս Սանկտ Պետերբուրգ կվերադառնանք մեզ հետ տանելով 2800-ամյա Երևանի ջերմությունը: Երևանն իսկապես վստահելի գործընկեր է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար, և ես վստահ եմ, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա հարաբերությունների առավել սերտացման ու գործնական ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ առաջիկա տարիներին ևս հետևողական քայլեր կձեռնարկվեն», - նշել է Աննա Միտյանինան: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական, ներդրումային բնագավառներում համագործակցության հնարավոր հեռանկարները: