Արմինֆո.Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության փոփոխության լույսի ներքո՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցի ընթացքում ՀՀ ղեկավարության նկատմամբ ճնշումը լիովին հնարավոր է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ Ատլանտյան խորհրդի փորձագետ Արիել Քոենը:
Հոկտեմբերի 20-ից սկսվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Մինչև վերջերս ԱՄՆ վարչակազմն առանձնապես չի խոչընդոտել կիսաշրջափակման մեջ գտնվող Հայաստանի՝ Իրանի հետ բավական զարգացած հարաբերություններին: Սակայն, նկատի ունենալով ԻԻՀ նկատմամբ պատժամիջոցների նախատեսվող խստացումը՝ այս ուղեգիծը կարող է վերանայվել:
<Այդպիսի ճնշում կլինի՝ Թեհրանի հետ Երևանի կապերը սահմանափակելու նպատակով: Ավելի հստակ, օրինակ՝ սահմանափակել տեխնոլոգիաների մաքսանենգությունը: Եթե ճիշտ եմ հիշում, եղել են հայկական ընկերություններ, որոնք բռնվել են Իրանի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի խախտման մեջ՝ թե ֆինանսական, թե տեխնոլոգիական մասով>,- ընդգծել է վերլուծաբանը:
Եվ հիմա, երբ պատժամիջոցային ռեժիմը խախտվում է, իսկ դրանց ցուցակը՝ ընդլայնվում, Բոլթոնի այցը Հարավային Կովկաս, ըստ նրա, պայմանավորված է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ու Վրաստանի կողմից պատժամիջոցների ռեժիմի խախտման հնարավորությունների հետ: Քոենը համոզված է, որ Միացյալ Նահանգները բավական լուրջ են տրամադրված և վճռականորեն կխոչընդոտեն դրան:
Ամերիկացի վերլուծաբանը Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների շահերը պայմանավորում է առաջին հերթին այդ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիրքով: Այս առումով ԱՄՆ համար խիստ կարևոր են տարածաշրջանի բոլոր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ կարևոր կապերը և աշխատանքային լավ հարաբերությունները:
<Առաջին հերթին, կարծում եմ, ԱՄՆ-ը պետք է շահագրգռված լինի Հարավային Կովկասում տարածաշրջանային տերություններից ոչ մեկի՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հեգեմոնիան թույլ չտալու հարցում: Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է պահպանել նաև Հարավային Կովկասի էներգետիկ, տրանսպորտային զարկերակներն օգտագործելու հնարավորությունը: Աֆղանստանում պատերազմը շատ լավ ցույց տվեց դրա կարևորությունն ԱՄՆ համար>,- ամփոփել է Քոենը: