Արմինֆո.Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 12 հազար եվրո վճարել Թեղուտ գյուղում ապօրինաբար օտարված հողամասի սեփականատերեր Օսմանյանին և Ամիրաղյանին:
Նրանք 0.383 հեկտար վարելահողի համասեփականատերեր են եղել, որը հասարակության և պետության կարիքների համար օտարվել է հանքաարդյունաբերության կազմակերպումն իրականացնելու նպատակով: Եվրոպական դատարան ներկայացված գանգատով դիմումատուները պնդել են, որ օտարվող սեփականության դիմաց սահմանված փոխհատուցման գումարը շատ ցածր է եղել, և պտղատու ծառերից ստացված եկամուտը հաշվի չի առնվել: Ներպետական դատարանները դիմումատուների այս պնդումն անտեսել են և, որպես փոխհատուցման ենթակա գումար, հաստատել են միայն գույքի շուկայական արժեքի հիման վրա հաշվարկված գինը:
Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարումն իրականացվել է Կոնվենցիայի երաշխիքների խախտմամբ, և Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուներին վճարել 10 000 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև 2 000 եվրո կրած ծախսերի և ծախքերի դիմաց: