Արմինֆո. Չեխիան պահպանում է հակամարտող կողմերին սպառազինության վաճառքի արգելքի շուրջ պայմանավորվածությունները, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը և պաշտպանական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման անցկացումը:
<Որևէ գերբնական բան չեմ տեսնում այն բանում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն այժմ գտնվում է Չեխիայում և հանդիպումներ անցկացնում, այդ թվում՝ պաշտպանական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ, քանի որ խոսքը սպառազինության վաճառքի մասին չէ>,- նշել է դիվանագետը և այդ համատեքստում հիշեցրել, որ երկու տարի առաջ Հայաստանի պաշտպանության նախարարն էլ է գտնվել Չեխիայում և հանդիպումներ անցկացրել, այդ թվում՝ պաշտպանական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
Նա նաև հավաստիացրել է, որ Չեխիան պահպանում է հակամարտող կողմերին սպառազինության վաճառքի արգելքի վերաբերյալ բոլոր պարտավորությունները և ընդգծել, որ չեխական <ԴԱՆԱ> հրթիռային կայանների շուրջ սկանդալը ծագել է, քանի որ Սլովակիան խախտել է իր պարտավորությունները: Նա հիշեցրել է, որ չեխական կողմը հետ է կանչել այդ սպառազինության արտահանման լիցենզիան:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել չեխ լրագրողների բացահայտումների վերաբերյալ, որոնց համաձայն՝ Բրատիսլավայի օդանավակայանն օգտագործվում է Սլովակիայի տարածքով Ադրբեջան զենքի մաքսանենգության նպատակով: