Արմինֆո. Նոր Հայաստանում չի լինելու բաժանում թշնամիների, մերոնց ու ձերոնց: Այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` այսօր Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը Սյունիքի մարզպետի պաշտոնում:
Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել է երեկվա իր այն հայտարարությունը, որ Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ: «Ամենակարևոր խնդիրը մեզ համար այն է, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որ պետք է ավարտված համարել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը, և Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի ներուժը ներգրավել Հայաստանի հետագա զարգացման գործում: Այս իմաստով ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանի Հանրապետությունում: Այս տրամաբանության մեջ մենք Հայաստանի Հանրապետությունում չպետք է թույլ տանք, որ զարգանա այնպիսի երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ ի սկզբանե ենթարկվում են որոշակի հետապնդումների, վերաբերմունքի, միայն այն պատճառով, որ նրանք պաշտոնավարել են, գործունեություն են ծավալել, առնչություն են ունեցել նախկին կառավարության ներկայացուցիչների հետ: Մեր կառավարությունում էլ կան մարդիկ, ովքեր նույնպես այդպիսի առնչություններ ունեցել են: Ես կարծում եմ, որ մոտենում է, գալիս է լիարժեք համախմբման ժամանակը: Կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը: Ես հույս ունեմ, որ մենք մոտենում ենք այդ եզրագծին՝ լիարժեքորեն զբաղված լինելով կառուցողական աշխատանքով, զբաղված լինելով մեր զարգացման օրակարգը սպասարկելով: Ուզում եմ ընդգծել, որ այս տրամաբանությունը որևէ կերպ չի նշանակում ինդուլգենցիա որևէ մեկի հասցեին: Ընդ որում, նկատի ունեմ և գործող պաշտոնյաներին, և նախկին պաշտոնյաներին: Մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, և դա վերաբերում է բոլորին: Բայց ես ուզում եմ ասել, որ սա չի նշանակում նաև, թե փակում ենք կառավարությունում կադրային փոփոխությունների, պետական կառավարման համակարգի օպտիմալացման և ավելի արդյունավետ համակարգ ունենալու տրամաբանությունը՚, - երեկ կառավարության արտահերթ նիստում ընդգծել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով այն դիտողությանը, որ նախօրեին սյունիքցիները, ի նշան Հունան Պողոսյանի նշանակման դեմ բողոքի, փակել էին միջպետական ճանապարհը, Փաշինյանը ժպտալով նշել է. «Ճանապարհը փակել էին ոչ թե սյունիքցիները, այլ` մեր կուսակցության անդամները՚:
Այսօր, զուտ տեսականորեն, Փաշինյանը չի բացառել կառավարության աշխատանքում ՀՀԿ անդամների ներգրավումը: «Մենք հենց դրա մասին ենք խոսում. մենք կադրերին չենք մերժելու այն բանի համար, որ նրանք ՀՀԿ-ից են, և ես արդեն նշանակումներ կատարել եմ ՀՀԿ անդամների թվից, և դրանում արտառոց ոչինչ չկա՚, - ասել է վարչապետի պաշտոնակատարը, ընդսմին բացառելով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նշանակումը որևէ պաշտոնում: