Արմինֆո. Ռուսաստանցի սահմանապահները ձերբակալել են ծագումով Հարավային Ասիայից չորս սահմանախախտների, որոնք փորձել են Թուրքիայից ներթափանցել Հայաստանի տարածք:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ ձեռնարկած խմբի: Սահմանախախտները փորձել են գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ ժամանակահատվածում հատել սահմանը: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողները իրենց օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը:
«Նախնական տվյալներով, ձերբակալվածները ծագումով Հարավային Ասիայից են: Սահմանն ապօրինի հատելու շարժառիթները կպարզեն իրավասու մարմինները: Սահմանված օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտները կփոխանցվեն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին՚, - ասվում է հաղորդագրությունում: