Արմինֆո.Հայաստանի արտաքին քաղաքականությունը խիստ հայաստանակենտրոն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` նախօրեին Լյուքսեմբուրգում ԱլԳ նախարարական հանդիպմանն իր ելույթում:
Նա ընդսմին է համամիտ է իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանդիպումների լավ դինամիկայի առնչությամբ: «Անցած հինգ ամիսների ընթացքում արդեն երկու հանդիպում ունեցել ենք: Լավ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, որը նպաստել է դրական դինամիկային, և մենք նպատակադրված ենք ամրապնդել այն: Իհարկե, Հայաստանում շուտով՝ հավանաբար դեկտեմբեր ամսին, տեղի են ունենալու ընտրություններ: Միաժամանակ, հավասարապես կարևոր առաջնահերթություն է շարունակել ուշադրության կենտրոնում պահել խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը և խթանումը, որը ներառում է բազմաթիվ բաղադրիչներ՝ վստահության ամրապնդման միջոցառումները, ներառյալ դրանց վերաբերյալ նախորդ համաձայնությունների իրականացումը, իրավիճակի սրման դեմ ռիսկերի նվազեցման միջոցները: Մենք պետք է կենտրոնանանք այս քայլերի վրա և իրական ջանքեր գործադրենք հակամարտության բոլոր կողմերի բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ: Եվս մեկ շատ կարևոր առաջնահերթություն է ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության քարոզից ձեռնպահ մնալը:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են։ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է՝ կարգավորման գործընթացում իր որոշիչ ձայնով, և պետք է առավել անմիջական ներգրավվածություն ունենա։ Եվ մենք, իհարկե, դրա մասին խոսում ենք։
Քանի որ շուտով լրանում է Արևելյան գործընկերության 10-ամյակը, մենք պետք է ուշադրություն դարձնենք անցյալի սխալները չկրկնելու վրա և պահպանենք նախաձեռնության էությունը․ առաջին հերթին մարդկանց գործընկերություն՝ ուղղված մեր երկրներում կյանքի բարելավմանը և մեր հասարակությունների մերձեցմանը։ Այս համատեքստում, ցանկանում եմ նաև ընդգծել մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացի շատ կարևոր առաջնահերթությունը, որը մենք առաջ են մղում ԵՄ երկրների հետ՚, - ասել է արտգործնախարարը։