Արմինֆո. Այսօր Երևանում աշխատանքն է սկսում ԱՊՀ երկրների գիտնականների երկօրյա համաժողովը:
ԱՊՀ գործկոմի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, համաժողովն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Գիտական միջոցառման հիմնական կազմակերպիչներն են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ գիտության և կրթության նախարարությունը: Համաժողովի հիմնական նպատակներն են ԱՊՀ երկրների գիտատեխնիկակական համագործակցության աշխուժացումն ու զարգացումը, համատեղ հետազոտությունների խթանումը, ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն քաղաքականության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների երիտասարդության շրջանում գիտությունն ու գիտական գործունեությունը հանրամատչելի դարձնելը։ Ենթադրվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների նման ծավալուն միջոցառման արդյունքը կլինի Համագործակցության շրջանակում գիտաինովացիոն հարթակի ձեւավորումը եւ դրա գործառույթների մեխանիզմների կատարելագործումը, գիտության բնագավառում ԱՊՀ երկրների պատասխանատու գերատեսչությունների համակարգված աշխատանքի վերաբերյալ հանձնարարականների մշակումը:
Միջոցառման կազմակերպիչների հավաստմամբ, ակնկալվում է, որ համաժողովը կնպաստի ԱՊՀ երկրների գիտական հանրությունների հասարակական ակտիվ ներկայացուցիչների միջև հաստատուն «հորիզոնական՚ կապերի հաստատմանը, ինչը կհանգեցնի միջազգային գիտական հետազոտությունների ավելացմանը, ԱՊՀ տարածքում երիտասարդ գիտնականների խնդիրների լուծմանը նպատակաուղղված գործողությունների համակարգմանը:
Համաժողովի շրջանակում լիակազմ նիստին զուգընթաց նախատեսվում է կլոր սեղանների անցկացում` նվիրված «Ֆունդամենտալ գիտության զարգացման վիճակն ու հեռանկարները՚, «Գիտական համագործակցության կատարելագործումը թվանշանային դարաշրջանում՚, «Նորարարական գիտական հետազոտություններ՚ թեմաներին: Միջոցառումների արդյունքում կընդունվի համաժողովի հռչակագիր: Համաժողովի կազմակերպիչների մտահղացմամբ, այն պետք է դառնա արդյունավետ հարթակ երկխոսության և երկարաժամկետ անձնական ու գործնական շփումների, ինչպես նաև բարձրտեխնոլոգիական հետազոտություններով զբաղվող միջազգային գիտական խմբերի և կոլեկտիվների ձևավորման համար: