Արմինֆո. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Թունիսի Հանրապետության նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսիի հետ: Հանդիպմանը երկու երկրների նախագահները կարևորել են երկկողմ փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Թունիսի նախագահն Արմեն Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել իր երկիր։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչիին՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակ ստացած երկրի ղեկավարի: Կողմերը մասնավորապես խոսել են մարդկության դեմ ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավորությունների վերաբերյալ:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է նաև Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ: Նախագահը ողջունել է Վիետնամի պատվիրակության այցը Հայաստան և մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին: Նախագահ Սարգսյանը ու Վիետնամի փոխվարչապետն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հարցերին՝ մասնավորապես կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության բնագավառներում, ինչպես նաև գիտական և կրթական ոլորտներում առկա մեծ ներուժի օգտագործումը: Վիետնամի փոխվարչապետն իր երկրի ղեկավարության անունից նախագահ Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Վիետնամ:
Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Գամբիայի փոխնախագահ Ուսեյնու Դարբոյի հետ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ օրերս ստորագրված արձանագրությունը և համոզմունք հայտնել, որ այն խթան կդառնա տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար։ Նրանք, մասնավորապես, քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր գործակցությանը, ինչպես նաև ընդհանրապես Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթնաժողովում Գամբիային շնորհվել է դիտորդի կարգավիճակ: