Արմինֆո.«Ես և ողջ հայ ժողովուրդն ուրախ ենք Երևանում հյուրընկալել ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը։ Մաղթում եմ բարի գալուստ Հայաստան։ Քրիստոնեության բնօրրան, հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող հավերժական Հայաստան, որն այս ամիս նշում է իր մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությանն իր ելույթում։
«Իրական, ամուր ինքնություն, ստեղծարար էներգիա, դինամիկություն ունեցող Հայաստան, որն ապրել է 1915 թվականի Ցեղասպանության ողբերգությունը և այսօր առաջ է շարժվում՝ վստահ լինելով իր ապագայի համար։ Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է «Թավշյա հեղափոխության» գաղափարներով, այս քաղաքացիական և ժողովրդավարական շարժմամբ, որը առաջ է տարվել հայ երիտասարդների և կանանց կողմից, որոնց հաջողվել է ողջ բնակչության հետ կիսել իրենց «Միասին ապրելու» կամքը ազատ, արդար և համերաշխ հասարակության մեջ:
Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, այսօր ցանկանում եմ վերստին ասել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է, որ այս գագաթնաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին։ Այդ առնչությամբ մենք լիովին գիտակցում ենք մեզ վրա դրված պատասխանատվությունը և ցանկանում ենք, որ այս իրադարձությունը բոլորի հիշողություններում մնա որպես Կազմակերպության ինստիտուցիոնալ կյանքի բացառիկ պահերից մեկը, ինչպես նաև ֆրանկոֆոն համակեցության և համերաշխության կարևոր դրսևորում։ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երիտասարդ անդամ է, դիտորդի կարգավիճակով անդամակցությունից ի վեր ընդամենը 15 տարի է անցել, մինչդեռ մշակութային և լեզվական բազմազանության, ֆրանսերենի և Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների խթանման նրա հանձնառության ապացույցի կարիք չկա։ Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիային անդամակցությամբ, որը համագործակցության, երկխոսության և փոխանակումների մի ընդարձակ տարածք է, և բազմազանության և համերաշխության նկատմամբ հարգանքի մթնոլորտում Կազմակերպության անդամ պետություններին և կառավարություններին համախմբում է խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի շուրջ։ Մենք իրապես հավատարիմ ենք մեզ միավորող այդ կապերի բնույթին, որոնք այնքան լավ բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ։ Նրանք միասին կազմում են այդ համընդհանուր բարիքը, այդ հարստությունը, որ մեզ համար կարևոր է պահպանել ամեն գնով, այդ մեծ հնարավորությունը ֆրանկոֆոն ողջ տարածքի համար։ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում». սա է Հայաստանի կողմից առաջարկված թեմայի նշանակությունը, որը կարտացոլվի նաև մեր աշխատանքներում։ «Ապրել միասինի» ընդգծումը կարևոր է նաև պոպուլիզմի և ծայրահեղականության աճի համատեքստում։ Ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումների դեմ մենք ունենք բարոյական պարտավորություն, ունենք դրանց հակադրելու «Ապրել միասինի» արժեքներն ու սկզբունքները և համախմբվելու՝ դրանք կյանքի կոչելու համար։ Անկասկած, մենք պետք է շարունակենք ամեն ջանք գործադրել բոլորիս կայուն մարդկային զարգացման ձգտումն ի կատար ածելու համար։ Այսպիսին է մեր կողմից առաջարկվող Կոչը, որն իրենից ներկայացնում է հզոր ուղերձ հանուն Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերի կողմից ժառանգված խաղաղության, համերաշխության և մարդասիրության՚, - ասել է Հայաստանի վարչապետը։