Արմինֆո. ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի մասնակիցները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ծափահարություններով ողջունել են Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունմից, գագաթնաժողովի բացմանը Նիկոլ Փաշինյանն իր ելույթն սկսել է Շառլ Ազնավուրի հիշատակմամբ: «Կցանկանայի նախ արտահայտել այն անսահման ցավը, որն ինձ համակում է այս պահին, երբ մտածում եմ Շառլ Ազնավուրի մասին, այնքան թանկ մի անձնավորության, ով մեզնից հեռացավ հոկտեմբերի 1-ին։ Այդ Մեծ անձնավորությունը, ֆրանսերենի դեսպանը, 100 տոկոսով ֆրանսիացի, բայց միևնույն ժամանակ 100 տոկոսով հայ, ինչպես ինքն էր սիրում ասել, այնքան կցանկանար լինել մեր կողքին այսօր՝ ցույց տալու համար իր նվիրվածությունն իր սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, նաև Ֆրանկոֆոնիայի տոնը նշանավորելու համար, որին ամբողջ կյանքում ծառայել է։
Ֆրանսիական շանսոնի նրա գլուխգործոցները, որոնք արդեն բազմաթիվ սերունդների են ուղեկցել և կուղեկցեն դեռ երկար, կմնան մեր հիշողություններում։
Մենք սգում ենք, որովհետև սիրում էինք։ Լինելով Հայաստանի եռանդուն պաշտպան, մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում՝ նա բարձր է պահել Հայաստանի անունն աշխարհում, և մենք հավերժ երախտապարտ կլինենք նրան դրա համար։ Նա հեռացավ մեզնից, բայց այսօր ներկա է մեր մտքերում՚, - ասել է Հայաստանի վարչապետը` խնդրելով ջերմ ծափահարություններով ողջունել Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը։