Արմինֆո. Summer Business School-ի երկու տարվա սաներն այցելեցին Հայաստանում Beeline-ի վարչական գրասենյակը։
Ինչպես տեղեկացրել է Ընկերության մամուլի ծառայությունը, նախագծի 2017 և 2018 թթ. դասընթացների մասնակիցները շրջեցին ընկերության Open Space գրասենյակներով, ծանոթացան PR, մարքեթինքի և այլ ծառայությունների աշխատանքին, ինչպես նաև հանդիպեցին Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։
14-18 տարեկան երիտասարդներին ընկերության ղեկավարը ներկայացրեց ռազմավարական որոշումների ընդունման հիմնական գաղտնիքները և կիսվեց կարևոր որոշումներ ընդունելու սեփական փորձով։
«Այս դասընթացի մասնակիցները գտնվում են հենց այն տարիքում, երբ մարդիկ ընդունում են իրենց կյանքի կարևորագույն որոշումներից մեկը՝ այն է կատարել մասնագիտության ընտրություն։ Հուսով եմ, այս հանդիպումը նրանց որոշ չափով կօգնի ճիշտ գնահատել իրավիճակը և լավ ընտրություն կատարել ապագայի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ Summer Business School-ը ստեղծվել է 2017 թ. Slice Consulting ընկերության կողմից։ Summer Business School-ի նպատակն է դպրոցականների մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձևավորումը։ Մասնավորապես գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդներն այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում են այդ ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին։
Մասնակիցների համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներ քաղաքից դուրս՝ ճամբարի ձևաչափով, ինչից հետո մասնակիցները կարող են աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: