Արմինֆո.Հայաստանի Հանրապետության կառավարությունը մտադիր է թանկարժեք ուղեգորգը վերադարձնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին:
Ինչպես նշված է կառավարության համապատասխան որոշման հիմնավորման մեջ, 2018 թվականի մարտի 29-ի N323-Ն որոշմամբ իրականացված գնման գործընթացի արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կողմից ձեռք բերված 600 քառ. մետր ուղեգորգն օգտագործվել է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի ս/թ ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած Հայաստանի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողության ժամանակ: Արարողությունից հետո 306 քառ. մետր մակերեսով ուղեգորգը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, իսկ 294 քառ. մետրը մնացել է մարզահամերգային համալիրի տարածքում: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 294 քառ. մետր մակերեսով ուղեգորգը, որն անվնաս ապամոնտաժման և տեղափոխման անհնարինության պատճառով չի տեղափոխվել, հաշվառված է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում: Վերոնշյալ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին ամրացված 294 քառ. մետր մակերեսով, 2499.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ուղեգորգն անհատույց սեփականության իրավունքով հանձնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: