Արմինֆո.«Սասնա Ծռեր՚ համահայկական կուսակցությունը, իր քարտուղարությամբ, շարքերով և համակիրներով սրտի խորը կսկիծով գուժում է կուսակցության անդամ, «Սասնա Ծռեր՚ խմբավորման անդամ և Արցախյան ազատամարտի հայտնի մարտիկ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի՚ մահը, որ տեղի ունեցավ հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում, առաջին տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով։
«Նա ծնվել էր 1971 թվականին ապրիլի 19-ին։ Արայիկ Խանդոյանը իր բովանդակ կյանքի ընթացքում եղել է խորհրդանիշ և մարմնավորում իր հայրենիքի և ազգի նկատմամբ անմնացորդ նվիրումի։ Պատանեկան տարիքից հազիվ դուրս եկած մինչև իր անժամանակ մահը նա իր էությունը նվիրաբերեց նախ օտարի կողմից , և ապա հայանուն մարդկանց կողմից զավթված հայրենիքի ազատագրմանը, զոհաբերելով և առողջություն և ընտանեկան երջանկությունը։
Որպես օտար զավթիչի անարդարության, կեղեքման, ստի և կեղծիքի դեմ ըմբոստացած հայ մարդ, Արայիկ Խանդոյանը իրոք եղավ մարմնավորումը Սասնա Ծռեր էպոսի ոգու։ Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը կձևավորի Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողով և արարողակարգի մասին կտեղեկացնի առաջիկայում՚, - ասվում է «Սասնա Ծռեր՚ կուսակցությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում։