Արմինֆո. Անթալիայում ընթանում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Համաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել տարածքների 20 տոկոս օկուպացիայի, Հայաստանի և Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր լինելու մասին:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, ի պատասխան Էդուարդ Շարմազանովն ասել է. «Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են: Ադրբեջանցի իմ գործընկերը խոսեց խնդրի խաղաղ կարգավորման մասին: Պարոն Ասադով, եթե դուք իրո՞ք ուզում եք լուծել խնդիրը, ապա նախևառաջ պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»: