Արմինֆո. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ, ով գտնվում է Հայաստանում մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի աշխատանքներին:
Գոհունակություն հայտնելով վերջին շրջանում հայ-լիտվական հարաբերություններում առկա դրական դինամիկայի կապակցությամբ՝ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են ոլորտային համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Որպես առաջնահերթություն նախարարներն ընդգծել են տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտը՝ այդ առնչությամբ կարևորելով երկու երկրների փորձի փոխանակման ուղղությամբ նախագծերի և ծրագրերի ձեռնարկումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, Զոհրաբ Մնացականյանը և Լինաս Լինկյավիչուսը կարևորել են նաև երկկողմ բարձրաստիճան պարբերական շփումների անցկացումը, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցություն խորացումը: Այս համատեքստում Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն արժևորել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ որպես շփումների կարևոր հարթակ, և համոզմունք հայտնեցին, որ Երևանում անցկացվող նախարարական 35-րդ համաժողովը և 17-րդ գագաթաժողովն իրենց ուրույն նպաստը կբերեն Կազմակերպության առավել ամրապնդմանը՝ հիմնված Ֆրանկոֆոնիայի հռչակած արժեքների և սկզբունքների վրա:
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բամզակողմ և երկկողմ համագործակցության խորացման հեռանկարների շուրջ: