Արմինֆո. Երեկ տեղի է ունեցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հերթական հանդիպումը մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանն անդրադարձ է կատարել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին ու գործընթացներին և վերահաստատել ս.թ. դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:
Դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները ևս վերահաստատել են իրենց աջակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում:
Կարևորվել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական աջակցությունն օրենսդրական բարեփոխումներին: Քննարկվել են նաև ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությանն ու իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր: