Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում ստեղծված իրավիճակը մտադիր է քննարկել Գագիկ Ծառուկյանի և ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Այդ մասին նա հաղորդել է այսօր լրագրողների հետ զրույցում:
Վարչապետը, մասնավորապես, ասել է, թե, չնայած այն հանգամանքին, որ «Ծառուկյան՚ դաշինքի և ՀՅԴ պատգամավորները պաշտպանել են ԱԺ կանոնակարգի մասին օրենքում փոփոխությունների մասին աղմկահարույց օրինագիծը, Գագիկ Ծառուկյանի հարցազրույցից ինքը հասկացել է, որ նա դեմ չէ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին, ուստի մտադիր է նրա հետ քննարկել ստեղծված իրավիճակը: «Ես պատրաստվում եմ նաեւ այդ հարցազրույցի արդյունքներով հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի քննարկենք իրավիճակը եւ հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները։ Կարծում եմ՝ Դաշնակցության հետ նույնպես կլինի հանդիպում, որովհետեւ Փարիզում գտնվելու ընթացքում նաեւ որոշակի շփումներ են եղել Դաշնակցության սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ, եւ կարծում եմ, որ կլինի քննարկում»,– պարզաբանել է վարչապետը, հավելելով, որ Փարիզում երկրում ստեղծված իրավիճակը քննարկել է նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Փաշինյանը նշել է, որ այդ թեմայի շուրջ մտադիր է ևս մեկ հանդիպում անցկացնել Արմեն Սարգսյանի հետ` հոկտեմբերի 9-ին նախագահի Երևան վերադառնալուն պես: Ընդ որում, Փաշինյանը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանի նախագահը կստորագրի վերը նշված օրինագիծը, որն զգալիորեն դժվարացնում է խորհրդարանի արձակումը:
Նա ընդսմին հաստատել է հրաժարականի իր մտադրությունը` խորհրդարանի արձակման հասնելու նպատակով, այդուհանդերձ, Փաշինյանը նշել է, որ ինքը դե յուրե է հրաժարական տալիս, սակայն դե ֆակտո հրաժարական չի տալիս։ «Պետք է այնպես անենք, որ այս իրավիճակը հանրությանը հասկանալի լինի իր բոլոր նրբություններով, քանի որ որեւէ գործողություն ես չպետք է անեմ ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դնելու համար»,– ընդգծել է վարչապետը։
Ի պատասխան այն դիտողությանը, որ ՀՀԿ-ն չի բացառում իր հրաժարականի դեպքում վարչապետի պաշտոնի համար սեփական թեկնածու առաջադրելու հնարավորությունը, Փաշինյանը հայտարարել է, որ եթե դա իրոք այդպես է, ապա ՀՀԿ-ն «շարունակում է չհասկանալ՚ երկրում ստեղծված իրավիճակը:
«ՀՀԿ-ն մշտապես հայտարարում է երկրում հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտության մասին, սակայն ինքն ամեն ինչ անում է այնպես, որպեսզի ժողովուրդը շարունակի իրեն «չհանդուրժել՚: Ես ՀՀԿ-ին առաջարկում են դուրս գալ այդ ռեժիմից, մենք պետք է անցկացնենք վաղաժամկետ ընտրություններ, քանդենք բարիկադները և կանգնենք զարգացման կայուն ուղու վրա՚, - ամփոփել է վարչապետը: