Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան օրվա առթիվ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին, որում ասվում է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ և հաջողության անկեղծ մաղթանքներս Ռուսաստանի եղբայրական ժողովրդին ծառայելու գործում։ Համոզված եմ, որ պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, սահմանված նպատակներին հասնելու հարցում սկզբունքայնությունը և հետևողականությունը հետայսու ևս նպաստելու են ռուսական պետականության ամրապնդմանը: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում։ Այդ հարաբերությունները հիմնված են մեր երկրների ժողովուրդների բարեկամության և փոխադարձ վստահության դարավոր ավանդույթների վրա: Այս համատեքստում ես հատկապես գնահատում եմ մեր միջև հաստատված անձնական հարաբերությունները, որոնք, անշուշտ, լրացուցիչ ազդակ են հաղորդում բոլոր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության շարունակական զարգացմանը, այդ թվում նաև բազմակողմանի հարթակներում և ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկրների միջև համագործակցության խորացման փոխադարձ շահագրգռվածությունը թույլ կտա հետագայում ևս օգտագործել Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համագործակցության զգալի ներուժը՝ հարստացնելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև նպաստելով մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը: Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում»: