Արմինֆո. Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 5-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետություն։
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՀՀ պաշտպանության նախարարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ միասին հանդիպել են ՊԲ հրամանատարական կազմի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների զինված ուժերի համագործակցության և մարտունակության ապահովման հարցեր։ Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին` Դավիթ Տոնոյանը հատուկ նշել է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը նախապատվությունը տալիս է բանակցությունների միջոցով խնդրի խաղաղ կարգավորմանը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊԲ հրամանատարական կազմին հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադրի ռեժիմը։ Խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել։ Հաշվի առնելով այդ ամենը` հայկական երկու հանրապետությունների զինված ուժերը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ։