Արմինֆո. «Մենք պատրաստ ենք, էլի ենք պատրաստ, մենք մեր ժողովրդի հետ եղել ենք, էլի կանք, այնպես չի, որ ուզում ենք խանգարել: Եթե ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ուրեմն, մենք էլ ենք ուզում դեկտեմբերին, ես ժողովրդի ցավը տանեմ՚, - Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ՚ հաղորդման ժամանակ «Ծառուկյան՚ դաշինքի առաջնորդ, ԲՀԿ նախագահ, Գագիկ Ծառուկյանն այսպիսի ոչ միանշանակ պատասխան է տվել վաղաժամկետ ընտրությունների նկատմամբ «Ծառուկյան՚ դաշինքի դիրքորոշման վերաբերյալ հարցին:
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանն առնչվող հարցին, որ միայն վաղաժամկետ ընտրություններից հետո Հայաստանում կկայունանա տնտեսական իրավիճակը, և կբարելավվի ներդրումային մթնոլորտը, Ծառուկյանն ասել է, թե արդեն կան բազմաթիվ ներդրումներ «արևային պանելների, սրբիչի, ՏՏ ոլորտներում և այլն՚։ «Հիմա, որ ասում են՝ հոսքը կանգ է առել ներդրումների, հիմա հոսքը կանգնել է ոչ թե օրենքի համար…բոլոր պատգամավորներն էլ կողմնակից են ներդրման զարգացմանը, եթե այսօր ճանապարհով 2 մեքենա գնում են, քո գործընկերներն են, կանգնեցնում են, պառկեցնում ասֆալտին, նկարում, ո՞ր մարդը կգա, սովորական մարդին խի են կանգնեցնում։ Այսօր հիմնական խնդիրն այն է, որ պարոն վարչապետն այդ հակահեղափոխական մարդկանց իր թիմում պիտի ման գա», - ասել է ԲՀԿ առաջնորդը։
Նա նաև հայտարարել է, որ հանդիպումներ է ունենալու այն ուժերի հետ, որոնք հանդիպումներ չեն ունեցել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, հավելելով, թե վերջինները «երբեք չեն կարող քաղաքականություն գալ՚ իր ղեկավարած քաղաքական ուժի միջոցով:
Ծառուկյանը նաև հիշեցրել է, որ մայիսին ըստ ամենայնի աջակցել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը, ապահովել է ԱԺ-ում Փաշինյանի վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեկ երրորդը, մինչդեռ կարող էր առաջադրել իր թեկնածությունը, և, անգամ, «բավականին կոշտ՚ խոսակցություն է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, հայտարարելով, թե ինքն ընդդիմադիր գործիչ է և կանգնած է իր ընդդիմադիր գործընկերների կողքին: Նա նաև հավաստիացրել է, որ հարգում է ժողովրդի կամքը: Ծառուկյանն ավելի ուղիղ պատասխան չի տվել ԲՀԿ հետագա քաղաքական գծին առնչվող հարցերին, նշելով, թե չի բացի բոլոր խաղաքարտերը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ