Արմինֆո. «Ադրբեջանի պատվիրակը ևս մեկ անգամ ցուցադրեց իրենց ապակառուցողական մոտեցումը` պատմությունը իսպառ ջնջել սկզբունքով` ըստ իր պետության քաղաքական նախընտրությունների», - նշել է ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղաղարյանը Ժնևում ընթացքող ՄԱԿ ՓԳՀ-ի գործադիր կոմիտեի հերթական` 69-րդ նստաշրջանի ժամանակ` ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի:
Նա ընդգծել է, որ Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի կոչը` տվյալ հարթակը չքաղաքականացնելու և հարցերը մարդասիրական համատեքստում դիտարկելու վերաբերյալ:
Պատասխանելով ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքներին, թե Հայաստանն իբր շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել՝ Ա. Ղազարյանը փաստեց. «Ոորոշ պատվիրակներ շարունակում են քաղաքականցնել այս հարթակը, ինչպես որ արեց Ադրբեջանի ներկայացուցիչը»: Նա ներկայացրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում Հայաստանը ընդունել է շուրջ 4 հարյուր հազար փախստականների, ում գերակշիռ մեծամասնությւնը հաջողությամբ ինտեգրվել է հայաստանյան հասարակությունում: «Մինչդեռ Ադրբեջանն ակնհայտորեն պահում է նրանց փախստականի ձգձգված կարգավիճակում` փորձելով օգտագործել քաղաքական նկատառումներով», - ասել է ՄԾ պետը:
Անդրադառնալով Սիրիայի փախստականների վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչեցված մեղադրանքներին, թե Հայաստանն օգտագործում է նրանց քաղաքական նպատակներով՝ Ղազարյանը նշել է. «Դրանից չի նվազում մեր ցանկությունն ու պատրաստակամությունը շարունակելու մեր աջակցությունը եղբայրական երկրին, որը միլիոնավոր հայ փախստականների է ընդունել 1915 թ-ի Ցեղասպանությունից հետո, և մենք կշարունակենք ընդունել նրանց`ջանքեր գործադրելով մեր երկրում նրանց միջազգային պաշտպանություն տրամադրելու հարցում»,- եզրափակել է նա: