Արմինֆո. Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ընդունել է իր գլխավորած գերատեսչության որոշ բացթողումները վարչապետի «բարձրաստիճան պաշտոնյաների բոլոր թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու՚ հանձնարարությունը կատարելու առնչությամբ:
Այդ մասին ոստիկանապետն այսօր հայտարարել է լրագրողներին, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե` «Եթե Միհրան Պողոսյանն Ազգային ժողովի շենքից դուրս գալիս, իրոք, վիրավորական արտահայտություններ է շպրտել ԱԺ մոտ հավաքված ժողովրդի հասցեին, ուրեմն իրավապահ մարմինները վատ են կատարել «որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու» իր հանձնարարությունը:
Օսիպյանի ասելով, վարչապետի ցանկացած հանձնարարություն կատարվում է հստակ և ժամանակին: Այդուհանդերձ, ինչպես նա խոստովանել է, հնարավոր է, եղել են որոշակի բացթողումներ: «Ես արդեն տվել եմ համապատասխան հանձնարարություններ, և միջադեպի առնչությամբ արդեն բերման է ենթարկվել 5 քաղաքացի` վերը նշված պատգամավորի վարորդն ու թիկնապահները՚, - հայտարարել է նա:
Բացի այդ, ինչպես հաղորդել է Օսիպյանը, Ոստիկանությունում գործով նյութեր են նախապատրաստվում, և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մանակիցները պատգամավորներ են և ունեն հատուկ կարգավիճակ, նյութերը, հնարավոր է, հետագա ուսումնասիրության համար ուղարկվեն ՀՔԾ: Ընդ որում, ոստիկանապետը դժվարացել է ասել, թե արդյոք կլինեն «ասֆալտին պառկեցնելու՚ նոր դեպքեր: Ինչպես նշել է Օսիպյանը, եթե լինեն իրավախախտողներ, ապա նրանք պարտադիր պատիժ կկրեն օրենքի ողջ խստությամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում վարչապետն այդ միջադեպին անդրադարձել էր «Ելքի՚ պատգամավոր Լենա Նազարյանի խնդրանքով: «Եթե շրջանառվող լուրերն այն մասին, որ նախորդ գիշեր Հանրապետական կուսակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն Ազգային ժողովի շենքից դուրս գալիս, իրոք, վիրավորական արտահայտություններ է շպրտել ԱԺ մոտ հավաքված ժողովրդի հասցեին, ուրեմն իրավապահ մարմինները վատ են կատարել «որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու» իմ հրամանը, բայց ոչինչ, նրանք արագ կուղղեն այդ սխալը՚, - ասել էր վարչապետը: Նա նշել էր, որ նախորդ գիշեր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ականները շատ հուզված էին ֆորս-մաժորային իրավիճակով: «Դա հասկանալի է, բայց ես շտապեցի նրանց հանգստացնել կատակներով և ժպիտով: Բայց թող ոչ ոք մեր ժպիտներն ու բարի վերաբերմունքը չընդունի որպես թուլություն: Հավանաբար Միհրան Պողոսյանը, ով ներկա էր այդ հանդիպմանը, չհասկացավ, թե ինչ է կատարվում խորհրդարանի խոսնակի կաբինետում և երկրում, ընդհանրապես», - ասել էր Փաշինյանը: Միևնույն ժամանակ, նա խոստովանել էր, որ ժամանակի ընթացքում ավելի դժվար է դառնում զանգվածներին զսպելը և մարդկանց ստիպել հանդուրժողականություն ցուցաբերել ՀՀԿ ներկայացուցիչների հանդեպ: «Ես չեմ ուզում, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Միհրան Պողոսյանը, պարզապես, չկարողանա դուրս գալ փողոց, քանի որ ես չեմ կարողանա զսպել զանգվածներին», - ասել էր վարչապետը, շեշտելով, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ հարցով:
Ի պատասխան` Միհրան Պողոսյանն անթույլատրելի էր համարել չհիմնավորված որևէ հայտարարություն կամ պիտակավորում ու սպառնալիքներ, ինչպես նաև չստուգված ապատեղեկատվություն: Նա հայտարարել էր, թե ամեն մի ահազանգ հարկավոր է ստուգել, ինչի համար կան համապատասխան մարմիններ: «Իսկ քննչական գործողություններից առաջ արված բարձրագույն մակարդակի հայտարարությունը նշանակում է, որ իրավապահ մարմինների գործունեությունն ուղղորդվում է համապատասխան ձևով՚, - հայտարարել էր պատգամավորը: