Արմինֆո. Նախօրեին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ և Ծառուկյան դաշինքի անդամները հստակ ասացին, որ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականի դեպքում նրանք այդ պաշտոնի համար որևէ թեկնածու չեն առաջադրի, իսկ ՀՅԴ պատգամավորները համաձայնեցին նրանց հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ խորհրդարանի ամբիոնից:
Նա վերահաստատեց, որ այդ հանդիպման ժամանակ հայտարարել է այս տարվա դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հստակ մտադրության մասին: «Ես նաև հստակեցրեցի խորհրդարանի լուծարման մեխանիզմները` ես տալիս եմ հրաժարական, նրանք երկու անգամ չեն ընտրում վարչապետին, և ԱԺ-ն լուծարվում է օրենքի ուժով», - պարզաբանեց Փաշինյանը:
Նա նաև ընդգծել է այս տարվա մայիսյան իրադարձությունները կրկնելու անհնարինությունը: Միևնույն ժամանակ, Փաշինյանը նաև «ցավով» նկատել է, որ Հայաստանում գնալով ավելանում է քաղաքական ինքնասպանության գնացող ուժերի թիվը»: