Արմինֆո. «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը խիստ մտահոգիչ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած մեղմ մարտավարությունը քաղաքական դիակի վերածված նախկին ռեժիմի մնացորդների հանդեպ: Այդ մասին ասվում է կուսակցությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում:
«Երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համազգային մոբիլիզացիայի և ազգային ռեսուրսի ամբողջական ու արդյունավետ կիրառման պարագայում: Մինչդեռ նախկին ռեժիմին կիսատապալված վիճակում թողնելու և նրա հետ ժողովրդի կամքի ոտնահարմամբ, ժողովրդի իրավունքներն ու շահերը ոտնահարելու համար բռնությամբ ու կեղծիքով ընդունված այսպես կոչված սահմանադրությանն ու այսպես կոչված օրենքներին համապատասխան վարվելու պատճառով ժողովրդի հաղթանակը վտանգի տակ է հայտնվում: Միակամ և գերիշխան(սուվերեն) ժողովրդի կամքն է իրական և կենդանի Սահմանադրությունն ու Օրենքը, ուստի հարկավոր է առաջնորդվել դրանով, սահմանել անցումային փուլ, պետությունը կառավարել անցումային ժողովրդավարության միջոցով և կիրառել անցումային արդարադատություն, ինչի շնորհիվ ոչ միայն կբացառվի քաղաքական ցնցումների որևէ հնարավորություն, այլև պետությունը շատ կարճ ժամկետում և արդյունավետ կերպով դուրս կգա կառավարման ճգնաժամից և ոտք կդնի զարգացման ուղու վրա: Կոչ ենք անում անսալ ժողովրդի կամքին ու հեղափոխության տրամաբանությանը և համարժեք քայլեր կատարել օր առաջ այս վտանգավոր վիճակը հաղթահարելու ուղղությամբ՚, - ասվում է «Սասնա Ծռերի՚ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ն փակ ռեժիմով` բարձրախոսների և էլեկտրոնային քվեարկության համակարգի անջատման պայմաններում, ձեռքով քվեարկությամբ 67 «կողմ՚ ձայնով ընդունել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որի համաձայն, Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարվել, ինչը դժվարացնում է խորհրդարանի լուծարման ընթացակարգը: Ընդ որում, փաստաթղթին հավանություն են տվել նաև կառավարությունում իրենց ներկայացուցիչներն ունեցող ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: Արդյունքում` երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով ԱԺ մոտ տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք, որի ընթացքում հայտարարվել է ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչ նախարարների և մարզպետների պաշտոնանկության և վարչապետի մոտալուտ հրաժարականի մասին: Նիկոլ Փաշինյանը երկրի նախագահ Արմեն Սարգսյանին կոչ է արել չստորագրել երեկ ԱԺ-ում հապճեպ ընդունված օրինագիծը, որը կարող է ուժի մեջ մտնել 21 օրվա ընթացքում: Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի նախագահը պետք է ստորագրի այդ փաստաթուղթը կամ դիմի Սահմանադրական դատարան` ՀՀ սահմանադրությանը դրա համապատասխանությունը բողոքարկելու համար: