Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովում քիչ առաջ գումարված արտահերթ նիստում պատգամավորների 61 կողմ ձայներով արագ ընդունվեց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության առաջարկած նախագիծը:
Քվեարկությունն անցավ փակ դռների հետևում, առանց լրագրողների, անջատված են եղել նաև ներսի բարձրախոսները ու լրագրողներին նիստից ոչինչ լսելի չի եղել:
Միայն տեսանելի էր, որ Սասուն Միքայելյանի ու Արա Բաբլոյանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ: Օրինագծին ՀՀԿ-ի հետ միասին կողմ քվեարկեցին նաև ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն , դեմ է եղել միայն ԵԼՔ դաշինքը:
Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ բացառությամբ «Ելքի» խմբակցության, բոլոր մյուս խորհրդարանական ուժերը հանդես են եկել ներկայացված փաստաթղթի օգտին: «Օրինագիծը ընդունվել է 61 ձայնով, բայց դա ոչինչ չի լուծում, քանի որ այն պետք է անցնի ընթացակարգով և ստորագրվի: Ի վերջո, եթե վարչապետը հրաժարական տա և Ազգային ժողովը 14 օրվա ընթացքում չի ընտրում նոր կառավարության ղեկավար, Խորհրդարանի լուծարումն ստանում է օրենքի ուժ», - ասաց Մարուքյանը: Իր հերթին «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բարձրաձայն քննադատեց իր գործընկերներին` խորհրդարանն անվանելով ավազակախումբ: «Սա իրական բանդա է, ինչը ես բազմիցս հայտարարել եմ», - ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, ժամը 19:00-ից հետո ԱԺ լրատվական ծռայությունը հյտնեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:30-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: