Արմինֆո. Ակնհայտ է, որ Վահրամ Բաղդասարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նման հանդիպումները անհրաժեշտ են: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով նախօրեին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի հետ վարչապետի հանդիպումը:
Աշոտյանի ասելով, դա եղել է աշխատանքային քննարկում, որի նպատակը ոչ թե գործընթացն է, այլ` արդյունքը: Նա միանգամայն բնական է համարել, որ հանդիպման մանրամասները չեն հրապարակվում: Աշոտյանի հավաստմամբ, ՀՀԿ և կառավարության դիրքորոշումներն այնքան էլ չեն տարբերվում: Նա տարակուսանք է հայտնել վարչապետի այն խոսքերի առնչնությամբ, թե ՀՀԿ ներկայացուցիչները չեն ցանկանում մինչև 2022 թիվը վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Աշոտյանի ասելով, խմբակցությունում նման որոշում չկա, և դա ընդամենը որոշ պատգամավորների կարծիքն է: ՀՀԿ փոխնախագահը նաև համոզմունք է հայտնել, որ վաղաժամկետ ընտրությունների անցկացումը կախված է ոչ միայն իրենց խմբակցությունից, այլև խորհրդարանի մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ վարչապետի հանդիպումներից: «Հարկավոր է բանակցություններ վարել առանց ավելորդ նյարդայնության: Վերջին հարցազրույցում վարչապետը, կարծես, սկսեց հուզվել, մինչդեռ հարկավոր է բացառել բոլոր հույզերը և թույլ չտալ տեղեկատվության արտահոսք այն մասին, թե հատկապես ինչ է քննարկվել հանդիպմանը: Ես շատ գնահատում եմ Նիկոլ Փաշինյանի և Վահրամ Բաղդասարյանի վարքագիծը, ովքեր լիովին չեն հրապարակել իրենց հանդպման մանրամասները՚, - ընդգծել է Աշոտյանը:
«Ելք՚ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն, իր հերթին, հայտարարել է, թե իրենց դաշինքը բազմիցս իր աջակցությունն է հայտնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի գաղափարին և պատրաստ են դրանց մասնակցել արդեն այս տարի: «Ըստ էության, մենք վերջերս ենք ավարկել մեր նախընտրական քարոզարշավը և պատարստ ենք նորի` թեև ընտրություններին պատրաստ են ոչ բոլորը՚, - նշել է Մարուքյանը: