Արմինֆո. Այսօր իսկապես ցավալի, սգալի օր է հայ ժողովրդի, մեր պատմության, ողջ համաշխարհային հանրության համար: Այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը:
«Ահավոր բոթ լսեցինք այսօր՝ կյանքի 94-րդ տարում մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շառլ Ազնավուրը։ Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան է կերտել, պատմություն է կերտել, սեր է կերտել և անմնացորդ ծառայել է սեփական ժողովրդին, սեփական ժողովուրդներին, որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ «ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ, 100 տոկոսով հայ»։ Մարդ, ով 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացնում է և ջերմացնում է, ջերմացրել է միլիոնավոր մարդկանց՝ տասնյակ միլիոնավոր, հարյուր միլիոնավոր մարդկանց, այսօր այլևս մեզ հետ չէ։ Սա իսկապես ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի պատմության և մեր երկրի պատմության համար, մահացել է Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը»: Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անունից իմ ցավակցությունը հայտնել մեզ բոլորիս: Ցավակցել հայ ժողովրդին, Ֆրանսիայի ժողովրդին, ամբողջ աշխարհում նրա արվեստի սիրահարներին: Սա մեծ համամարդկային կորուստ է, որովհետև Ազնավուրը մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ, որոնք երկար տարիներ մարդկությանը կուղեկցեն դեպի սեր ու համերաշխություն, և մարդկանց կմղեն դեպի առաքինին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում: