Արմինֆո.Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 11-12-ը Երևանում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության /ՖՄԿ/ 17-րդ գագաթնաժողովին: Այդ մասին սեպտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Ըստ որում, նա ընդգծել է, որ դրան կնախորդի Մակրոնի պետական այցը Երևան: Սակայն, դեսպանը դժվարացել է ասել պետական այցի ժամկետներն ու օրակարգը՝ նշելով, որ ժամանակացույցի շուրջ դեռ աշխատում են:
ԱրմԻնֆո-ի ճշգրտող հարցին, թե հայտնի են արդյոք ֆրանսիական խոշոր բիզնեսի ներկայացուցիչների անունները, ովքեր Երևան կժամանեն՝ Ֆրանկոֆոնիաի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով, Լաքոթն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հրավերներ է ուղարկել մի շարք ընկերությունների: <Անշուշտ, մենք աջակցել ենք հայկական կողմին ցուցակները կազմելու հարցում: Լուրջ շեշտադրում կարվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա, քանի որ այն Հայաստանում դինամիկ զարգացում է ապրում: Նշեմ, որ տնտեսական համաժողովը տեղի կունենա <Թումո> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Կուզեի նաև տեղեկացնել, որ օրերս Ֆրանսիայում ևս բացվել է ֆրանսիական Թումո: Ընդհանուր առմամբ ֆրանսիական խոշոր բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ կժամանեն Հայաստան>,- ամփոփել է Լաքոթը: